Իրիկուն (Հովհաննես Թումանյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Իրիկուն

Հովհաննես Թումանյան

Գրիչ


ԻՐԻԿՈՒՆ


Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
              «Հերիք է, ասավ,
              Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
              Արևն էլ չի երևում.
              Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
              «Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
              «Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
              Ո՛չ նապաստակ է վազ տալի,
              Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
              «Ի՜նչ լավ է, ասավ,
              Ո՛չ որսորդ է ման գալի,
              Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Մենակ ես եմ որ անքուն
              Քեֆ եմ անում երկնքում»։


1907